Նավը լեռան վրա Quotes

Rate this book
Clear rating
Նավը լեռան վրա Նավը լեռան վրա by Kostan Zarian
84 ratings, 3.89 average rating, 8 reviews
Նավը լեռան վրա Quotes Showing 1-19 of 19
“Ռուսաստանը տարերք է․ կոյր մրրիկ, խավար եւ կենդանական բնազդ․․․”
Կոստան Զարյան, Նավը լեռան վրա
“Բաղերը լեցւել էին կանանց ձայներով։ Ամէն անգամ որ հրհռում էին՝ ճիւղերի վրայից դող էր անցնում ։ Իսկ ճիւղերը ծանրաբեռնված էին մեծ, հիւթեղ, արեւի բիւրեղէ արիւն ամբարած ողկոյզներով։
Խաղողը Հայաստանի երգն է։
Անուշ, փարթամ, հարբեցուցիչ։ Սարսռուն՝ աջիկների կրծքերի նման։ Հմայիչ՝ լուսնի լոյսի տակ փայլփլող բուի աչքերի նման։”
Կոստան Զարյան, Նավը լեռան վրա
“Էս ժողավրդի դժբախտութիւններից մէկն էլ իր կես զարգացած, քաղքենի, տափակ սրտով եւ տափակ խելքով մտաւորականնեն են․․․ Պառաւ աղջիկների նման նախանձոտ, լեղի եւ յիմար․․․ Էդ մարդկանց համար հայրենիքը՝ կուսակցութիւն է, իսկ կուսակցութիւնը՝ հաւնոց, ծռտով եւ կուտով լեցւած հաւնոց․․․ Վանդակը ընկած սկիւռի նման, պտոյտ են գալիս նոյն աժան եւ մաշւած գաղափարների շուրջը, եւ այն ինչ որ անւանում են գաղափար, ուրիշ բան չի եթե ոչ եղունգները կրծելու նման մի սովորութիւն․․․”
Կոստան Զարյան, Նավը լեռան վրա
“Չեն մտածում, որ էդ անունը, Հայաստան էդ անունը, մի շատ ծանր բեռ է... շա՛տ է, շատ... Իսկ հայ լինե՞լը... Չարքաշ, քարտաշ, դժւարին մի վիճակ... Հայ լինելը, պարոն ջան, նշանակում է գործ ունենալ ժայռերի, քամիների, ցրտի, ձիւնի հետ եւ նաեւ մետաղի նման հալւող արեւի հետ... Զարմանալի է ասել, մինչդեռ ուրիշ երկիրները կերակրում են իրենց վրայ ապրող ժողովուրդներին, էստեղ, հայ ժողովուրդը պէտք է կերակրի իր երկրին...”
Կոստան Զարյան, Նավը լեռան վրա
“Խօսքերը ստեղծւած են մտքերը թագցնելու համար եւ նա որ, միայն խօսք է հասկանում ոչինչ չի հասկանում․․․”
Կոստան Զարյան, Նավը լեռան վրա
“Ով չի տեսել Արարատեան դաշտի աշունը՝ ոչինչ չի տեսել։
Նա գալիս է դանդաղ, խոհուն եւ կարմիր քայլերով․ լեռների կատարից իջած թեթեւ զովը իջնում է ամառւայ թողած ճերմակ հրդեհների վրայ, մաղում է օդը, ալքիմիկոսի իր աշխատանոցում թանկագին եւ զարմանալի մետաղների բաղադրութիւններ է ձուլում, հողերի վրայ լույսեր ման ածում, ծառերի մէջ մոմեր վառում եւ՝ դեղինեւ եւ մեծղի՝ յօրինում է ա՛յնպիսի նւագներ, որոնց մասին կարելի չէ պատմել, որովհետեւ նրանք գալիս են կեանքի եւ մահի սահմամմերը անցնող անյայտ վայրերից։
Ով չի տեսել Արարատեան դաշտը աշնան ժամանակ՝ չի կարող երեւակայել իսկ ի՛նչպիսի խոր հոգեկանութեան, ի՛չպիսի վերացման, ի՛չպիսի ներուժ խաղաղութեան կարող է հրաւիրել բնութիւնը։
Ձիւնագագաթ լեռները գրկող, ոսկեյա վարսերով, սարսռուն, համատարած մի անդորրութիւն։ Դեղին բոցերով այրւող կաղամախների շարքեր։ Ծանրացած մրգաստաններ, պսպղուն պարտեզնէր, պղնձների հետ հալւած հորիզոն եւ, խորացած, ճառագայթող, յստակ մի երկինք։
Ամէն ինչ խորասուզւում է, մտածում, բոցկլտում։”
Կոստան Զարյան, Նավը լեռան վրա
“Կենդանիները եւ մաքուր սրտով մարդիկ նախազգում եւ ըմբռնում են տարերային եղելութիւնները։”
Կոստան Զարյան, Նավը լեռան վրա
“... սրբերը աղմուկ չեն սիրում, նրա համար որ աղմուկը սատանայիցն ա... Բարեպաշտ, սուրբ մարդիկ քաշւում են կղզի աշխարհի ղալմաղալից փախչելու համար... Էսօրվայ աշխարհի ցաւն հենց է՛ն ա, որ աղմուկը շատ ա. է՛նքան աղմուկ, է՛նքան աղմուկ, որ Աստւած մարդկանց ձէնը չի կարա լսի...”
Կոստան Զարյան, Նավը լեռան վրա
“Ես դիտել եմ իմ ճամփորդութիւններիս ընթացքին. հայը երբ լքում է լեռները՝ նսեմանում է, փոքրանում, բարոյալքւում... Դառնում է ուրիշ. դատարկւում է մի ինչ որ գաղտնիքից, մի ինչ որ խորհրդից։”
Կոստան Զարյան, Նավը լեռան վրա
“Ազգերի կեանքում յառաջադիմութիւնը՝ պատմութեան եւ մտքի՝ ուրիշ բան չէ, եթե ոչ նոր մի վերադարձ դէպի ցեղի բուն իսկութիւնը։ Դէպի այն վտիտ եւ պարզ հոգեկան ակնաղբիւրը, որտեղից առաջ են եկել իր գլխաւոր առաքինութիւնները եւ որոնց վրայ հիմնւել է իր լինելու կամքը։ Այն մաքրամաքուր նախասկզբնական ուժերը, որոնք սնուցել են եւ արդարացրել իր էութիւնը։ Այդ տեսակէտից, ամեն մի իսկական յեղափոխութիւն յետ գնալ է. ոչ դէպի այն՝ ինչ որ անկատար կերպով անւանում են աւանդութիւն, այլ դէպի ա՛յն, ինչ որ կազմում էր ցեղի հոգեկան բնոյթը, նրա ծագման դրդապատճառը։”
Կոստան Զարյան, Նավը լեռան վրա
“Տեւական ֆիզիքական տանջանքը բթացումի եւ անզգայւոթեան է հասցնում։ Տառապանքը գեղեցիկ է, երբ նա սնունդ է տալիս ստեղծագործական ուժերին, հոգեկան թռիչքներին, կեանքի լեցունութեան, որոնք որոնում են իրենց արտայայտութեան միջոցները։ Դանտեն ցցւել է իր ժամանակների խաւարի կատարին. նա արձագանգն է Իտալիայի ամենադաժան ժամանակաշրջաններից մէկի։ Արձագանգ եւ դատաւոր։”
Կոստան Զարյան, Նավը լեռան վրա
“Իրականութեան մէջ, Թիֆլիսը կէս եւրոպական, կէս ասիական, համեստ մի քաղաք էր։ Տափակ տանիքների կուտակումներ՝ աննշան բլուրների վրայ պառկած, որոնց տեղացիները, չափազանցնելով, լեռ էին անւանում։ Մի քանի տանելի փողոցներ։ Քուրը՝ ցեխոտ մի գետ, անապատացած ափերի մօտից իր ծուլութիւնը քաշքշող։ Մի քանի կամուրջներ՝ երկիրը նւաճող ռուս զօրավարների անճաշակ արձաններով զարդարւած։ Կենտրոնում, ուր քաղաքի երակները ուռչում էին՝ յաւակնոտ, խառն եւ անորոշ ոճերով շինւած մի քանի մեծ շէնքեր։ Տեղ տեղ, այդ խառնւածութիւնը խորանում եւ ազնւանում էր հայ եկեղեցիների երաժշտական ոճով։”
Կոստան Զարյան, Նավը լեռան վրա
“Հարցը նրանումն է, որ մեր ամենօրեյա տաղտկալի լինելիութիւնը, մեր վրայ խուժող փոքրիկ դէպքերի շարանը, հազար ու մի աննշան մտազբաղումները, թաց սպունգի նման, ջնջում են մեր կեանքի գլխաւոր այն գիծը, որ գոյանում է ներսը, որ շաղկապում է օրերը եւ գիշերները, ձայները եւ լռութիւնները։ Մենք նրան չենք տեսնում։ Չենք կարդում բոցէ տառերով մեր ներսը գրւած մեծ գիրքը։
Յամենայն դէպս, այդ պատահում է հազւագիւտ կերպով։ Երբեմն՝ խոր մենակութիւնով լեցւած օրերում՝ ներքին, տրամաբանական այդ զարգացումը յանկարծ լուսաւորում է մեր գիտակցութիւնը եւ անմիջապէս անհետանում։ Կայծակի նման։ Զգում ենք եւ չենք ըմբըռնում։”
Կոստան Զարյան, Նավը լեռան վրա
“Կան երկիրներ, ինչպես օրինակի համար Ամերիկայում, որոնք չեն պեղւած, չեն մշակւած ոգիով։ Նրանք պարզ նիւթ են, ենթարկւված բնութեան տարրական օրէնքներին եւ մարդկանց քմահաճոյքին... Իսկ կան նաեւ երկիրներ, որոնք պատկանում են Սրբազան աշխարհագիտութեան, ուր ամէն մի բնական երեւոյթ պատճառաբանւած է հոգեկանով եւ ուր մարդկային ամէն մի շարժուձեւ մասնակցում է այդ հոգեկանին... Դա կենդանի, մագնիսականութիւնով լեցւած, բախտագուշակ, բնազանցական մի տարածութիւն է, որտեղ բոլոր նշանները գծւած են, եւ որտեղ ամէն մի ժեստ, ամեն մի գործողութիւն, ամէն մի արտասանած բառ իսկ, ստանում են գերագոյն նշանակութիւն։ Տեսէք, մեր այս երկրում, մինչ անձը վերածւել է անձնաւորութեան, կորցրել իր մարդ-աստուածային բնոյթը, ենթարկւել գորշացած միջին տեզերին, մոռացել իր հոգեկան աւանդականը, երկրի եւ անհատի մէջ առաջ է եկել երկւութիւն։”
Կոստան Զարյան, Նավը լեռան վրա
“... ես քայլեցի այս երկրի դաշտերից եւ լեռներից, մտայ քազաքներ եւ գիւղեր, լսեցի մարդկանց եւ կանանց եւ սիրտս սեղմւեց... Հայոց ազգը, պարոն նավապետ, կորցրել է Ճանապարհը եւ պահել է միայն սովորութիւնները... Կորցրել է Ոգին եւ պահել է ձեւը... Մենք պարտված ենք։”
Կոստան Զարյան, Նավը լեռան վրա
“Արդ, ասել է Լաօզէն, - երբ կորցնում են Ճանապարհը՝ մնում է Առաքինութիւնը. երբ կորցնում են Բարոյականութիւնը՝ մնում է Օրէնքը. երբ կորցնում են Օրէնքը՝ մնում է Սովորութիւնը։ Իսկ Սովորութիւնը Բարոյականի արտաքինն է միայն եւ նրանից սկսում է այլասերումը... Ասել է, նախ Ճանապարհը։ Ճանապարհը՝ Անձը։”
Կոստան Զարյան, Նավը լեռան վրա
“Տաճկական ճակատի վրայ մղված ամբողջ պատերազմի ընթացքին, ցարական բանակները մի գաղտնի նպատակ էին հետապնդել՝ անընդհատ առաջ գնալով եւ անընդհատ ետ քաշւելով Հայկական նահանգները դատարկել հայ ազգաբնակութիւնից։ Այդպէս կոչւած ազատարար պետութեան այդ լիրբ խաղը, միացած տաճկական գազանությունիւններին, հայ ժողովրդին արժել էր մէկ միլիոն զոհ։ Կորել էին դարերի ընթացքին տքնատանջ ժողովւած հարստութիւններ, արւեստի գործեր, հոյակապ եկեղեցիներ եւ վանքեր։ Կորել էր բազմահազար հայ կամաւորների եւ զօրքերի մղած հերոսական պայքարների արդիւնքը։ Տաճկահայաստանը, փոթորկած ծովից դուրս նետւած տիղմի նման, ահագին բազմութիւններ էր նետել դեէպի Արարատեան դաշտ։”
Կոստան Զարյան, Նավը լեռան վրա
“Պատմութեան մագաղաթեայ էջը սառսռալով բացւեց եւ խօսեց նրա սրտին։ Անին՝ հայոց փառքերի հեքեաթային վա՛յրը, հարիւրավոր եկեղեցիների, փարթամ պալատների եւ անառելի ամրոցների երազային մայրաքաղա՛քը։ Հիմա՝ դարերի ակռաների տակ կրծոտւած, դժբախտ մի աստւածություն։”
Կոստան Զարյան, Նավը լեռան վրա
“... երկնքի փռած կարմիր կտաւը պատռւեց, եւ հորիզոնը օրօր եկաւ ամէն կողմից խուժող լույսերի ծոցում:”
Կոստան Զարյան, Նավը լեռան վրա