Join Goodreads

and meet your next favorite book!

Sign Up Now

Խնկի ծառեր Quotes

Նիզարը տատիս ասել է, որ վերևից եկածների հետ հարկավոր է քաղաքավարի ու հոգնակի խոսել։
Տատս կարագն ու կաթը ձեռքին ներս է մտել ու. «Բարև ձեզ, բատոնեբո, մենք ջաղչիբան Օնանի կնիկներն ենք»։
Միլիցիոներները նրա ետևից էլի կանանց են սպասել, հետո գլխի են ընկել, որ տատս «քաղաքավարի» է խոսում, հռհռացել են։
Մի օր գործի պարզություն սիրողները պարանի ծայրին քար են կապել ու նետել լճի խորքը։ Կույրերը պարանը բռնած եկել են ու ջրի վրա քայլելով գնացել ու գնացել են։ Ափին կանգնածները այնքան են նայել նրանց հետևից, մինչև որ հոգնել են, մի քանիսը նույնիսկ ձանձրացած թողել, տուն են գնացել։ Տիրանն ու Չինարը այլևս չեն վերադարձել, իսկ այդ լիճը մի ափով միանում էր հորիզոնին, հետո ձուլվում երկնքին։
Խաչը ջուրը գցելու օրերին վրացիներն ու մերոնք վիճում են, թե իրենցից ո՞ւմ խաչն է արժանի ավելի վերև ջուրն ընկնելու։ Մեր տեր Հակոբը և ուփալո Լոմոն իրար չեն զիջում, վեհափառներից մեկը խաչը ձեռքին բարձրանում է վերև, իսկ մյուսը՝ ավելի վերև։ Արարողության մասնակից երկազգի ամբոխի միջև ծեծկռտուք է սկսվում։ Հրացանով հայտնվում է Մարգարը, ու նրա արձակած գնդակը տապալում է ուփալո Լոմոյին։ Մարգարն ասում է. «Տեր Հակոբ, գետը քոնն է, խաչը որտեղ ուզում ես, այնտեղ էլ գցիր, հիմա արդեն վերև֊ներքև չկա»։
Տեր Հակոբը խաչը ջուրը գցելու մեր արարողությունն է կատարում։ Եվ քանի որ վրացիները գյուղում օծված տերտեր չունեին, ուփալո Լոմոյին փոխարինողն էլ մինչև կգար հեռուներից, ինքը ժամանակավոր նրանց ծիսակատարությունն էլ է անում և խաղաղություն սերմանելու ու իշխանություններին վստահելի նկատվելու համար, նրանց խաչը մերից՝ որ քիչ առաջ ինքն էր թաթախել, ավելի վերև է գցում։
Արարողության վերջում, Մարգարը հրապարակայնորեն ստանալով տեր Հակոբի երբեք թողության չարժանանալու նզովքը, գարադավոյ պահակախմբի առաջն ընկած, շղթայակապ ու անիծված գնում է Ախալքալաք։
Հունանը պարկերը դուրս է տարել. պապիս, Արարատին, Բախտիարին, ջրաղացը, իր ջարդած քիթը, Պրաշա Գիգոլին, բոլոր քանդակներն իրար վրա է դարսել ձյան վրա ու կրակ է վառել։ Խարույկի բոցը խոշոր է եղել՝ երկինք հասնող, իսկ նրա շուրջը տաքացող մարդիկ՝ մանր։ Երբ վարորդն ու նրա հետ գնացողները երեկոյան եկել են, ավտոբուսի շարժվելու ժամանակ, Չարդախենց Հովհաննեսը ձայն է տվել. «Օնան, նստի, արդեն գնում ենք»։ Հունանը զգացել է, որ ջարդված քթից նորից արյուն է հոսում։ Կոկորդում խեղդելով իր ասելիքը, ձեռքը վերից վար թափ է տվել.
— Է՜հ։
Անորոշ նայել է մլմլացող կրակին ու ետ է եկել գյուղ...
Գյուղում թեթև քամի է եղել ու գետի երկու ափերի ծառերը հերթականությամբ տապալվել են, նույնիսկ ճռինչ չի լսվել։
Այդ պահից ծառը էլ չի ծխում, մեր տների վրա չկար խնկի բույրը։
Օրը շաբաթ էր, լուսինը՝ մեկ օրական։
Օհաննայի քրտնաթոր փորը պաղ էր, ու այդ ամենը՝ իմ շուրջը գոյություն ունեցող կյանքը, սարսափելի ու զվարճալի էր։ Տեղից բարձրանալու մի շարժում, և ամեն ինչ կջնջվի. կատուն կմնա ընթացքի մեջ՝ աստիճանների կեսին, «օգնեցեքը» կմնա Աբգարի շուրթերին, շների հաչոցը չի շարունակվի։ Ու չի շարունակվի մեր անիծյալ տոհմի մեծ ճշմարտությունը, թեև քիչ չէր նաև ճակատագրի ծաղրը։

Ամեն ինչ ծիծաղելի էր. վախը, սարսափը, մեր տոհմը, հրացանի սառը փողը, ու այս ամենի մեջ կար գայթակղիչ ու վիճելի մի ճշմարտություն։ Հայրս հարևանների ծիծաղ, աղմուկի տակ, քնքշանքով հանեց ինձ Օհաննայի վրայից, շորերս հագցրեց ու տարավ տուն։