Վաղ թե ուշ Quotes

Rate this book
Clear rating
Վաղ թե ուշ Վաղ թե ուշ by Vrezh Israyelyan
3 ratings, 4.33 average rating, 1 review
Վաղ թե ուշ Quotes Showing 1-9 of 9
“Կինը զգաց ամուսնու կերպարանափոխությունը և ինքն էլ վարակվեց հուզմունքով։
«Վարդանի հետ ինչ֊որ լուրջ բան է տեղի ունեցել»,— մտածեց նա։
Վարդանը նայեց կնոջ աչքերին ու մտածեց. «Գոհարը ծերացել է»։
Գոհարը նայեց Վարդանի աչքերին ու մտածեց. «Քե՜զ էլ հասկացանք»։
Վարդանը նայեց Գոհարի խամրած հայացքին ու մտածեց. «Ե՛ս եմ մեղավորը»։
Գոհարը նայեց Վարդանի հաստատակամությունը կորցրած ծնոտին և մտածեց. «Ես նրան մենակ եմ թողել»։
Վարդանը հիշեց իրենց առաջին հանդիպումն ու մտածեց. «Նա ծնվել էր երջանիկ լինելու համար»։
Գոհարը հիշեց իրենց ամենօրյա խոսակցություններն ու մտածեց. «Ես նրան չեմ հասկացել»։
Վարդանը մտաբերեց իր ապրած կյանքի ակնթարթներն ու մտածեց. «Միշտ ուրիշներին եմ փորձել հասկանալ‚ իսկ ինքս մնացել եմ իմ ստվերում»։
Գոհարը մտաբերեց երբեմնի իր երկրպագուներին ու մտածեց. «Այս կյանքը ի՛նքս ընտրեցի‚ ես գիտեի»։
Վարդանը շոշափեց դրամապանակը և մտածեց. «Ամեն ինչ լավ կլինի»։”
Vrezh Israyelyan, Վաղ թե ուշ
“Ո՞ւր գնա Վարդանը։ Համլետի «Լինե՞լ‚ թե՞ չլինել»֊ից հետո‚ դժվար թե որևէ բանական էակի մոտ ծագած լինի ավելի դժվարին հարց։ «Ուր չպետք է գնա՛». հարցի այս ձևակերպմանը Վարդանը հազարումի պատասխան ուներ‚ որ գտել էր վերջին ամիսների ընթացքում. չպետք է գնա գրողների տուն‚ այնտեղ տեր ու տիրական են դարձել մարդիկ‚ որոնք այնպիսի սրտխառնուք են զգում գրող տեսնելիս‚ որ փսխում են իրենց ենթակաների վրա։ Չպետք է գնա հրատարակչություն‚ այնտեղ խրախուսվում է միայն այն տաղանդների մուտքը‚ ովքեր այլևս չկան‚ և նրանց‚ ովքեր աղջիկների հետ վարվելու ձևը գիտեն ավելի լավ‚ քան այբն ու բենը‚ և նրանց‚ ովքեր իրենց գրողական տունն են կառուցել բոլոր ժամանակների քարերով (Հայաստանում ի՞նչն է շատ՝ քարը)։ Չպետք է գնա որևէ խմբագրություն‚ իր կենսագրության տաղտկալի էջերը փորփրելու ոչ տրամադրություն ունի և ոչ էլ՝ ցանկություն։ Չպետք է գնա խանութ‚ ոչ փող ունի և ո՛չ էլ ուժ‚ ամբողջ կյանքում հերոսական մարտերի բովում թրծված‚ սոցիալիստական հասարակարգի առավելությունները մինչ մրուրը ըմպած‚ կանանց մենամարտը դիտելու։ Չպետք է գնա տուն. այնտեղ իրեն սիրում են չափից ավելի‚ և այդ սերը բրդյա տաք գուլպաների պես իր ոտքերին քաշելու իրավունք չունի (երկամյա արշավանքներից հետո պարտված զորավարը տուն տանելու ի՞նչ ունի)։
Եվ Վարդանը քայլեց մի անորոշ ուղղությամբ։ Գնաց‚ որ գտնի իրենց ամբողջ կյանքը տանուլ տված‚ մոռացության նկուղներում ցիրուցան եղած իր նմաններին։ Նրանց կարելի էր փնտրել հաշվապահությունների դռների մոտ‚ բացօթյա սրճարաններում‚ փոստատների ցպահանջ բաժինների առջև խմբված հերթերի մեջ‚ հայրական օգնության նվաստացուցիչ ճամփաներին։ Նրանք քծնանքի ու շողոքորթության թույնը չճաշակած մարդիկ են‚ բայց վարակված ավելի վտանգավոր ախտով՝ ծուլությամբ ու անտարբերությամբ։”
Vrezh Israyelyan, Վաղ թե ուշ
“Խաղաղություն ասածը յուրայինների պատերազմն է՝ ավելի նենգ, ավելի հրեշավոր։ Այս պատերազմում չեն զոհվում՝ վերջանում են։ Մեկը մյուսին չտեսնելով... չգիտես՝ ով է թշնամի, ով՝ բարեկամը։ Եվ արդյունքում՝ շատանո՜ւմ է աղբը...”
Vrezh Israyelyan, Վաղ թե ուշ
“— Գիտե՞ս, թե ձեզ նմանների մասին ինչ էր ասում միջնադարի մի հայ վանական‚— մինչ աշխատասենյակը լքելը ասաց Ստեփանը։
— Չգիտեմ և չեմ էլ ուզում իմանալ։
— Ուրեմն, էս միջնադարի հայ վանականն ասում էր. «Եթե ձեր առջևից քայլեմ, ինձ կհոշոտեք, թե հետևից քայլեմ, քացի կտաք»։ Հասկացա՞ր, թե առակս ինչ կցուցանե։”
Vrezh Israyelyan, Վաղ թե ուշ
“Դեռ կոմունիստների տիրակալության օրերից հալից ընկնող տան մեջ Հակոն մի փոքրիկ անկյուն ուներ, ուր գնում էր իբր խառատության անելու, սրա֊նրա համար սրճաղաց, թուր ու թվանք, դանակ֊մանակ նորոգելու և իբր այլ բաների համար, բայց իրականում այն ավելի մեծ նպատակի էր ծառայում, հոգսերից փախչելու, ընտանիքի և սեփական խեղճությունը չտեսնելու, ապրած֊չապրածը գցել֊բռնելու, աշխարհի բաները կշռելու տեղ էր։ Այն մտածված էր ձեղնահարկում, փորձառու տղամարդկանց մտքի հանճարեղ առկայծումով։ Կանանց հետաքրքրասիրությունից սպրդած մի անկյուն, ուր այս տան հին ու նոր տղամարդիկ փնտրել ու, պատահել է, գտել են մի բան, ինչը աշխարհի խելոքներին հնուց ի վեր չի հաջողվել՝ ճշմարտությունը։”
Vrezh Israyelyan, Վաղ թե ուշ
“— Աղոթիր, որ ձայնդ լսելի լինի Աստծուն։
— Եթե Աստված ամեն ինչ տեսնում և լսում է, ի՞նչ իմաստ ունի աղոթելը‚— ասացին անհավատները։
— Խնդրիր և կստանաս‚— ասացին հոգևորականները։
— Տեսնում ես՝ տուր‚— ասացին անհավատները։
— Աստված մարդուն ծնեց իր կերպարանքով‚— ասացին հոգևորականները։
— Մի՞թե մենք՝ անհավատներս, նման ենք Աստծուն‚— ասացին անհավատները։
— Դուք մոլորյալներ եք‚— ասացին հոգևորականները։
— Ամեն մարդ իր կերպարանքն ունի‚— ասացին անհավատները։”
Vrezh Israyelyan, Վաղ թե ուշ
“Առաջին անգամը չէ, որ անդունդ եմ դիտում։ Մինչև անկախությունը սփյուռքահայ բարեկամիս հետ Տաթևի վանք գնացինք, մեր պատմության հետ առերեսման։ Հենց այնտեղ էլ մտածեցի, որ մեր պատմական կոթողները միշտ անդունդի եզրին են ծվարել, որպեսզի պատմությունը ժամանակ առ ժամանակ գահավիժելու տեղ ունենա։ Տաթևի ետնամասից դիտեցինք այն անդունդը, ուր հայ բոլշևիկները նետել էին հայ դաշնակներին, հետո էլ հայ դաշնակներն էին հայ բոլշևիկներին նետել։ Բոլշևիկների նետած հայ դաշնակներն ու դաշնակների նետած հայ բոլշևիկները մինչև այսօր էլ անդունդի մեջ ծվատում են միմյանց, այդ է պատճառը, որ օտար զբոսաշրջիկները անդունդից հեծեծյուններ են լսում ու խաչակնքում։”
Vrezh Israyelyan, Վաղ թե ուշ
“Տնից դուրս ելա ու իմ գոյությունը վայելելով՝ կարճ ժամանակ անց հայտնվեցի այնտեղ, ուր վատ երազներից ու կյանքից խուճապահար մարդիկ դառնություն են փսխում։”
Vrezh Israyelyan, Վաղ թե ուշ
“— Էգ տղամարդկանց երկիր է, հացի մեջ թրթիռ չկա, ականջիդ մոտ պահիր, երաժշտություն լսո՞ւմ ես, չես լսում։ Այ, էս օղին, որ խմում ենք, մեջը շունչ չկա, մեռած է։ Օդն էլ է էգ, ծիծիկի թրթիռն ըմբոշխնող տղամարդու պակասից է քանդվելու։”
Vrezh Israyelyan, Վաղ թե ուշ