Կարինե Հակոբյանի կարծիքը «Մեծ Տիեզերափայլ» վեպի մասին

Կարինե Հակոբյան.

https://www.facebook.com/KarineHakoby...

Մեծ Տիեզերափայլ

Գևորգ Տեր-Գաբրիելյանի այս ստեղծագործությունը ընտրելիս առաջնորդվեցի նրանով, որ հեղինակը այն նշեց, որպես «Թալինթ Պֆեսթ»-ի շարունակություն։ Ակնկալիքս էր Հայկ Մենէջյանի կյանքի հետագա զարգացումներին ծանոթանալը և «Թալինթ Պֆեսթ»-ից առաջացած հարցերի պատասխանները գտնելը։ Պարզվեց, որ այս ստեղծագործությունը, թե ժանրային, թե բառային, թե բովանդակային առումով կտրուկ տարբերվում է նախորդից։ Բոլորովին նոր, այլ մոլորակ է։ «Մեծ Տիեզերափայլ» վեպի առանցքային հերոսը Հայկ Մենէջյանն է, «Թալինթ Պֆեսթ» վեպի հերոս Հայկի թոռը։ Եթե Հայկ պապը՝ մեծ Հայկը, որը ինչպես հայտնում է Մեծ Տիեզերափայլ-ը 21-րդ դարասկզբի հայտնի հայ գրող, հրապարակախոս, թարգմանիչ և վարսավիր էր, ապա Հայկ թոռը՝ փոքր Հայկը, երիտասարդ հայ գիտնական է։ Փոքր Հայկի և իր սերնդակիցների հետազոտությունները հատկապես քվանտային ֆիզիկայի ոլորտում մարդկության զարգացման հաջորդ փուլը ձևավորելու մեջ կարևոր դեր են կատարում։ Մեջբերում. «Մինչ այդ, չնայած Իլոն Մասկի և այլ նվիրյալների, Տիեզերքի նվաճումը մնում էր դանդաղ և թանկ, այնքան թանկ, որ հեռավոր Տիեզերք մարդկանց տեղափոխելը մնում էր գրեթե անհնար։ Հայկ Մենէջյանի և իր գործընկերների աշխատանքը մարդկության զարգացումը միանգամից թռցրեց մի հսկայական քայլ դեպի տիեզերքը։» Այսպիսով Մեծ Տիեզերափայլ վեպի հիմնական իրադարձությունները ծավալվում են հեռավոր Տիեզերքում, Ծիր Կաթինից էլ անդին, երկիր մոլորակի բնակիչների կառուցած տիեզերակայաններից մեկում, որտեղ դիտարկվում է աներևակայելի գեղեցիկ և առեղծվածային ու վտանգավոր Մեծ Տիեզերափայլը։ Տիեզերքի և մարդու փոխազդեցությունը ներսի՝ մտքի և դրսի՝ լույսի, դրանց արագության և էներգիայի կրկնապատկման դինամիկան, ինչպես նաև մարդու ուղեղի նեյրոնների ոլորապտույտ միջանցքների պահատուփերում հիշողության վերծանումը այն թեմաներն են, որոնք ընթերցողին են ներկայանում մարդկային, ընկերական, գործնական, խիստ անձնական, սիրային և կրքոտ փոխհարաբերությունների համատեքստում։
Գիտաֆանտաստիկ այս վեպը, խորհուրդ կտամ կարդալ ամուր նյարդեր ունեցող ընթերցողին։ Չնայած որ հեղինակը այն համարում է իր ոչ այնքան հաջողված գործերից, կարծում եմ, թեկուզ մեկ անգամ արժե այն կարդալ։ Հեշտ չի լինելու, բայց օգտակար է։ Լեզուն և բառամթերքը, հատկապես մնեմոնիկան* ո՛չ միայն պատկերում են մարդու ուղեղի նեյրոնների կապն ու ընթացքը, այլ նաև առաջացնում են նորերը։ Կարճ ասած այնպես է գրված, որ միայն մարդը կհասկանա։ ԱԲ-ն ուղեղը կկախվի։

Մտքեր, որոնք առաջացան «Մեծ Տիեզերափայլ»-ը կարդալուց հետո։ Որքանով են դրանք կապված վերևի շարադրանքի հետ, մենթասքանը* ցույց կտա։) ԵՎ այսպես, կյանքի ունայնության շրջապտույտը մարդը հաղթահարում է արարելով, ստեղծելով։ Մարդու գործերն են, որ ձևավորում են անմահության այն դաշտը, որը մենք կոչում ենք հիշողություն, այսինքն կյանք։ Այն կարող է լինել կարճ ու երկար, լավ և վատ, երջանիկ ու տխուր... Անթիվ են այն որակելու երանգները։ Հիշողությունը պատճառահետևանքային մեծություն է։ Այն գոյութենական միավոր է, որը ծնվում է ֆիզիկական դաշտում, բայց ապրում է աներևույթ աշխարհում։ Եվ լինելով աներևույթ աշխարհի պլազման, հղում է, ուղղորդում է դեպի երբեմնի տեսանելի աշխարհ։ Միջնադարյան տապանաքարերը վկա՝ ԿԱՂԱՉԵՄ ՅԻՇԵՑԵՔ, գործի բերումով հաճախ եմ կարդացել այս հրաման խնդրանքը։

Վուշ, փուշ, նուշ, հուշ... 2024

Շնորհակալություն

*մնեմոնիկա_հիշողությունն ամրապնդելու տեխնիկա

* կարդա «Մեծ Տիեզերափայլ»-ը
 •  0 comments  •  flag
Share on Twitter
Published on August 19, 2024 09:53
No comments have been added yet.


Writer's blog

Gevorg Ter-Gabrielyan
About books that I have read etc.
Follow Gevorg Ter-Gabrielyan's blog with rss.