Շատերը կարծում են, որ հակաուտոպիական գրականությունը կանխատեսում է ապագան. այս մտքին որպես օրինակ միշտ բերում են, իհարկե, Օրուելի «1984»-ը։ Այնուամենայնիվ, ես խնդիրներ ունեմ այդ մոտեցման հետ: ։ Այո, հակաուտոպիական գրականությունը կարող է կանխատեսել ապագան, բայց այն առաջին հերթին շատ լավ է կարողանում մանրադիտակով նայել աշխարհին, հասարակությանը այնպիսին, ինչպիսին այն այսօր է։ Այդ գործերը մատնանշում են մեր աշխարհի/հասարակության խնդիրները ներկայիս խնդիրները և զարգացնում դրանք, այնքան մեծացնում, որ այլևս չկարողանանք անտեսել։ Յոկո Տավադայի «Պատվիրակը» նման վեպի գերազանց օրինակ է:
Վեպի գործողությունները տեղի են ունենում Ճակոպնիայում (որը փակվել իր սահմաններներում՝ իր խդնիրներով հանդերձ) և կենտրոնացած են Յոշիրոյի՝ հարյուր տարեկան մարդու, և Յոշիրոյի հիվանդ ու թույլ ծոռան՝ Մումեյի հարաբերությունների վրա։ Տավադայի աշխարհում ծերերն այլևես չեն ծերանում և չեն մահանում, իսկ երիտասարդները թույլ են, վատառողջ, ունեն կյանքի շատ կարճ տևողություն: Նրանց համար դժվար է անգամ առավոտյան հանգնվելը, հացը ծամելը, տասը քայլ անելը: Թեպետ գրքի նոսրությանը Տավադան կարողացել է այնպիսի աշխարհ ստեղծել, որին հավատում ես դետալ առ դետալ. գուցե դա մասամբ գրողի պրոֆեսիոնալիզմն է, գուցե մասամբ նաեւ այն միտքը, որ հեռու չեն այդ իրականությունից:
Նուրբ և հակադիր ձևերով Տավադան հարցեր է բարձրացնում կառավարության չափազանց մեծ վերահսկողության, դպրոցական համակարգերի ձախողման և աշխատավարձերի լճացման, անջատողական քաղաքական ռազմավարությունների և այդ ամենից ընդհանուր բնակչության կողմից զգացվող հոգնածության մասին։ Մանրամասն ու շատ զգայուն կերպով նա տալիս է այնպիսի նկարագրություններ, որ ֆիզիկական մակարդակում զգում ես այդ ամենը ու միևնույն ժամանակ նա դա անում է այնքան անբռնազբոս կերպով՝ ցույց տալով իրերի ու իրադարձությունների նման դրվածքի բնականությունն ու տրամաբանությունը, օրինակ այն, որ Մումեյը չի հասկանում, թե որն է մարմնի ֆիզիկական ցավը, որովհետեւ ծնված օրից այդ ցավերը ներկա են եղել և դա կարծես մի բնական վիճակ է: Նույնկերպ նաև Տավադան ցույց է տալիս, որ նոր սերունդի մոտ բացակայում է հոռետեսությունը, տրտնջոցն ու դժգոհությունը, որովհետև նրանք չեն տեսել նորմալը, բնականը կամ լավը: Այդպես օրինակ Մումեյը փոքր տարիքից երազում է պիկնիկի մասին, բայց պապը չի կարողանում դա կազմակերպել, քանի որ դաշտերն աղտոտված են, հողը՝ թունավոր և որոշ ժամանակ անց հողին ամենուր սկսում է փոխարինել ապակին, որովհետև թունավոր հողի հետ առնչությունները վտանգավոր են կյանքի համար:
Ուզում եմ առանձնացնել մի հետաքրքիր գիծ. իմ կարդացած այլ հակաուտոպիաներից սա շատ էր տարբերվում, որովհետեւ, գուցե, գրողը կին էր ու ավելի շատ կենտրոնացել էր առանձին անհատների ողբերգության եւ դժվարությունների վրա՝ ցույց տալով նրանց ֆիզիկական և հոգեկան ցավերը, ինչը շատ հազվադեպ ես հանդիպում տղամարդ հակաուտոպիստների մոտ: Տավադան ավելի է խորանում և ցույց տալիս մարդկային տրանսցենդենտ վիճակները անգամ նման ժամանակներում, երբ ամենօրյա գոյության, հացի ու առողջության խնդիր կա, մարդը չնայած արտաքին աշխարհի դժվարություններին, շարունակում է փիլիսոփայական, լեզվամտային հարցադրումներ անել եւ թեկուզ լինեն դրանք կենցաղային մակարդակում: Այդպես Մումեյը, ով կրում է մեծ սերունդների արած սխալների հետևանքները, մտածում է՝ «Կարո՞ղ են շորերը գոյություն ունենալ, եթե դրանց անվանումն արդեն անհետացել է»:
Իհարկե, որոշ հարցեր կան, որոնք իմ պրագմատիզմը չի կարող ընդունել, հասկանալ, թե ինչու օրինակ ծերերը չեն հիվանդանում, ինչու բնական աղետները չեն ազդում նրանց առողջության վրա եւ այլ նմանատիպ հարցեր, բայց երևի այդ հարցերի հասցեատերը գրականությունը չէ: Ամեն դեպքում դրանք ինձ խանգարում էին ընթերցելիս. կիսատության, բացթողումների զգացողություն առաջացնում: Ինչևէ:
Գրքում կարմիր թելով գնում է բնության բացարձակության գաղափարը և միտքը, որ դա միակ եւ կարևոր բանն էր, որ պետք է փայփայել և պաշտպանել աչքօ լույսի պես. «Հարստություն, հեղինակություն. այդ ամենը խոտի մի ցողունի արժեքն անգամ չունի»: