Նարինե Գիժլարյան
July 21, 2016 · Yerevan ·
Բլաժե Մինևսկի, «Նշան»
«․․․հիշիր, որ․․․ գրելու ժամանակ մեկն անընդհատ քեզ նշանակետին է պահում։ Միայն այդպիսի վեպի համար արժե ապրել։ Եվ իհարկե, մահանալ»։
Մակեդոնացի գրող Մինևսկու հրաշալի վեպը կարդացի Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները․․․» գրքից հետո։ Քանի որ վերջինս ավելի իրադարձային, դասականին մոտ վեպ է, թեկուզև յուրօրինակ կառուցվածքով, ուստի հանդարտ, պատմողական, մանրամասն նկարագրություններով ու շեղումներով «Նշանը» մի պահ հոգնեցրեց, թեև զգում էի՝ ինչ լավ, վարպետորեն գրված գործ է։ Մտածեցի՝ գրողական հնարքներն աչք են ծակում։ Բայց զարմանալիորեն մի քանի էջից էն, ինչ ինձ վանող էր թվում, գրքի հմայքը դարձավ։ Եվ․․․
Սիրեցի հեղինակի պատմելաոճը․ իսկապես թիրախի առաջ՝ մի տեսակ մանրադիտակի տակ հայտնվածի, կյանքը երկարաձգել ցանկացողի («...քանզի մահը ինքն իրեն հետաձգել չի կարող»), բայց նաև չընկրկող, չվախեցող մեկի հանդարտ, առաջին հայացքից անկիրք, միապաղաղ, բայց բուռն, թաքնված կրքերով, կարեկցանքով, ափսոսանքով ու կարոտներով լեցուն մարդկային մի պատմություն էդ ամենի ու ամեն ինչի մասին։ Նա այլևս կորցնելու, թաքցնելու բան չունի, Դորունտինա, «իմ խորունկ գետակ»․ ինչ լավ ես հասկանում դու նրան։ Նրա գրած- դեռչգրած-գրվող էս վեպը։ Էս «Նշանը», Դորունտինա, ասում եմ, Դորունտինա, ասացի․․․ (Նա մեզ՝ դիպուկահար Դորունտինային, պատմում է հենց այս վեպը․ պատմում է՝ ոնց գրեց, ինչ փայլուն հաջողություն ունեցավ, բայց շատ չանցած հեղինակազրկվեց ու խայտառակվեց, պատմում է՝ իրեն ոնց էին կյանքի ու գրական դասեր տալիս և այլն, և այլն․․․ Եվ մենք տեսնում ենք գրվող, ընթացքի մեջ մի գիրք)։
«Վեպը իրականություն չէ, մինչդեռ միևնույն ժամանակ իրականությունը վեպ չէ․ ընթերցողը հավատում է ոչ թե իրական, այլ համոզիչ պատմվածքի»։
Կյանքն իրական չի էնքան, ինչքան գրականությունը, գրականությունը ճշմարտության արտացոլումը չի։ Կյանքն ինքն էլ անհավանական մի բան է․․․ «․․․կյանքն ընդամենը սխալներն ուղղելու անհաջող փորձ է»:
Մշտապես նշանառության տակ։ Մշտապես ուշադրության կենտրոնում։ Մեծ ես, թե փոքր, նշանավոր, թե անտեսված, կին, տղամարդ, թե գրական հերոս, պատերազմում, թե կյանքի պատերազմում, հասարակության մեջ, թե դրանից դուրս, թե դուրս նետված․․․
Պատերազմ, սեր, մահ, գրականություն, գրականության տեսություն ու պրակտիկա, գրական-իրական հերոսներ ու մարդիկ, գնարբուկներ, թիթեռներ․․․ Անցյալ, ներկա, իսկ ապագա չկա՞․ «․․․մշտապես ապրում էի ապագայի համար, թեև գիտակցում էի, որ այնտեղ ոչ ոք չի ապրում։ Ապրելով այնտեղ, իրականում ես ապրում էի իմ կեղծ անցյալում, մշտապես և մեծ բավականությամբ կեղծում էի իմ կյանքը՝ հորինելով սուտ, որը հետագայում փորձում էի դարձնել իրականություն։ Իհարկե, դա հազվադեպ էր պատահում, այդ պատճառով էլ հաճախ ապրում էի իմ ստերի մեջ՝ որպես իմ միակ ճշմարտություն։ Գուցե պատահում էր, որ երբեմն իմ հին սուտը համընկներ մի նոր իրականության հետ, բայց այդ ժամանակ այլևս ուրախանալու ժամանակ չէր լինում, քանի որ ուրախություն արդեն վաղուց վայելել էի որպես կեղծիք։ Ես կյանքս նախօրոք էի պատմում, իսկ այն միայն երևում էր հետո, իմ խորունկ գետակ։ Իմ կյանքը մի այնպիսի պատմվածք է, որ չի կարելի ապրել»։
«Կարծում եմ՝ վայելում էր այն ամենը, ինչ կարող էր պատկերացնել, և ոչ թե այն, ինչ կարող էր շոշափել։ ․․․ «Ինչ-որ մեկը կարող է ամբողջ կյանքն ապրել իր ստեղծած անհամոզիչ իրականության մեջ, իսկ չկա այնպիսի գիրք, որը կարողանար հաջողության հասնել վատ, կոպիտ, անհամոզիչ ստերով» Այդ պահին ուզեցի նրան պատմել իմ ստերի մասին, ասում եմ, ստերի, ասացի, որնց թույլ տվեցի դառնալ իրականություն, սակայն ձայն չհանեցի»։
․․․«եթե գոյություն ունի մի բան, որը կարող է փոխարինել սիրուն, հուշն է»։
Ամեն ինչ իմաստ ունի, ամեն ինչ կենդանանում է էս մարդու գրչի տակ․ տառերը, բառերը, գրքերը, գետը, կյանքը․․․
«Տառերը թափառում էին նրա սպիտակ զգեստի վրայով, իսկ մազերը զարնվում էին ազդրերին՝ կարծես շունչ տվող մտրակ, տղամարդու շունչ տվող,- Նախադասությունը կարելի է սովորել,- ասաց, իսկ բառերը Աստված է տալիս․․․»»։ Հետևյալ ամբողջ պարբերություն, իհարկե, արժանի էր այստեղ մեջբերվելու․ Ցուտիկայի գրական վարպետության դասը․․․
«Գրողը պիտի մի ձեռքով գրիչ բռնի, իսկ մյուսով՝ կարճ հրացան, գրիչը՝ նրա համար, որ իմանա՝ ինչ է ուզում, իսկ հրացանը՝ որպեսզի չափը չանցնի․․․»։ Սա էլ Այովայի ստեղծագործ գրերի դասընթացի դասընկեր կուկուտացի դոն Խորխե Խուլիո ամիգո Էբերտեի դասն է։ Էբերտեն էլ ինքը, էսպես ասած, Գարսիա Մարկեսին է ներկայացնում ասես․ նրա բոլոր հայտնի գործերին հղում կա գրքում․ «Նահապետի աշունը», «Սերը ժանտախտի օրերին», «Գնդապետին ոչ ոք չի գրում», «Մի կանխամտածված սպանության խրոնիկա»․․․ Ոչինչ չմոռացա՞նք։ Ախ հա․ ամենակարևորը՝ «Հարյուր տարվա մենությունը»․․․ Էբերտեի ծննդավայրում բոլորը մոռացության գիրկն են ընկնում, նաև՝ մայրը, վերջում էլ՝ հենց ինքն է նավարկում մոռացության գետով։ Որքան հիշում եմ՝ անձրևների պահն էլ կա։ Դե իսկ անվանումն էլ լատինաամերիկյան գրողների անուններից է․ Խորխե՝ Լուիս Բորխես, Խուլիո՝ Կորտասար․․․ Ու էս Էբերտեն անընդհատ տրտնջում է, որ իր հայրենի երկրում կյանքը, իրականությունն էնքան անհավանական է, որ ոչ ոք հավատում իր իրական պատմություններին։
Դե իսկ Էմմա Բովարիի ու Աննա Կարենինայի մասին էլ չխոսեմ:
Նախավերջին գլխում սիրո նկարագրության մեջ Երգ Երգոցի շունչն զգացի ու Հազար ու մի գիշերների սիրային տեսարանների նուրբ ու կոպիտ հմայքը։ Ոչ միայն պատումն է հազարումիգիշերային․ անմիջական, ուղղակի հղումներ էլ կան։
Մի առիթով ասել եմ, կրկնեմ․ այ սա իսկական գրականություն է։ Ինտելեկտուալ, բարձր մակարդակի գործ։ Շատ վարպետորեն է գրված․ արտահայտչամիջոցները, գրելաոճը․ իսկույն հասկանում ես՝ ում հետ գործ ունես։ Մեկ էլ Վարդի անունը կարդալիս եմ սենց ինտելեկտուալ վայելք ապրել։
Գրեցի հենց միայն այսքանը՝ հենց միայն այս մեջբերումներով, սակայն ասելիքս շատ է, տպավորություններս՝ ուժեղ․․․ Էս գրքի մասին հա էլ կարելի է խոսել։