Բանաստեղծությունների այս ժողովածուն առաջին անգամ լույս է տեսել 1908թ., Թիֆլիսում՝ նոր դարագլուխ բացելով հայ քնարերգության պատմության մեջ: «Մթնշաղի անուրջներում» գերիշխում են սիմվոլիստական և ռոմանտիկական տրամադրությունները («Տխրություն», «Աշուն», «Մթնշաղ», «Հրաշք աղջիկ», «Էստոնական երգ» և այլն)։
Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան), (հունվարի 28 (փետրվարի 9), 1885, Գանձա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 7, 1920, Օրենբուրգ, Խորհրդային Ռուսաստան), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր, Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ, Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝ Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր… Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես. Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝ Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։ Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր. Քո հոգու վըրա կա մի վարագույր,— Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ…