Կոստան Զարյանի «Անցորդը և իր ճամբան» վեպը գրվել է 1926-1927 թվականներին և տպագրվել «Հայրենիք» (Բոստոն) ամսագրում շարունակաբար: «Անցորդը» ինքնօրինակ վեպ է XX դարի սկզբին հայ ժողովրդի ապրած մեծ ողբերգության, ազգային գիտակցության վերելքի, մեր ժողովրդի «հավաքական գիտակցության փրկարար հրամայականի», հայության ճակատագրի ու կոչման, անհատի ու երկիր- հայրենիք միասնության, 1920 –ական թվականների Երևանի և Հայաստանի, վերջապես՝ հայության անցյալի, ներկայի ու ապագայի մասին: Հակոբ Սիրունու խոսքով՝ «Անցորդը և իր ճամբան» «դարուն գիրք» է: Հայաստանյան երկրորդ հրատարակություն:
Ծնվել է Շամախի քաղաքում։ 1890 թվականին` հոր մահվանից հետո, Եղիազարյանների ընտանիքը տեղափոխվում է Բաքու, որտեղ Կոստանն ընդունվում է ռուսական գիմնազիա։ Մի քանի տարի անց ավագ եղբայրը նրան տանում է Փարիզ և տեղավորում Սեն-Ժերմեն քոլեջում, որն ավարտելուց հետո Կոստան Զարյանն ապրում է Կովկասում և մեկնում Բելգիա` ուսումը շարունակելու նպատակով։ Այստեղ նա ստանում է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1910-1913 թվականներին Զարյանն ապրում է Վենետիկում, որտեղ էլ Մխիթարյան միաբանների մոտ սկսում է սովորել հայերեն։ Մինչ այդ Զարյանն իր աշխատությունները գրում և հրատարակում է տարբեր լեզուներով` իտալերեն, ֆրանսերեն և այլն։