Վանաձորում անկողնային մորն է խնամում 48-ամյա Բելլան։ Նախկին գրադարանավարն արդեն երեք տարի չի աշխատում. մոր երկարամյա հիվանդությունն ու գործազուրկ լինելու անպատվաբեր կարգավիճակն ստիպում են ապրել թոշակառուի հաշվին։ Բելլայի օրերն անգթորեն կրկնվում են. առավոտյան՝ մոր խնամք, հետո՝ խանութ, ապա՝ խոհանոց, երեկոյան՝ սերիալներ։
«... սկզբում փորձում էր կյանքից պոկել իր բաժինը, երբեմն նույնիսկ կռվում էր այդ պատառի համար։ Սակայն ամեն անգամ, կարծես, փետուր էր կորցնում իր թեւերից, որոնց գոյությանը դեռ հավատում էր։ Երբ մայրն անկողին ընկավ, կյանքն ավարտվեց, սկսվեց մահը։ Դանդաղ մահը: Այն փետուրներ չէր պոկում: Մահը խլում էր ամեն ինչ...»։
Բելլային մխիթարում էին իր «Բելլադոննա» ծաղիկները։ Դրանք գեղեցիկ էին ու թունավոր։ Նա դրանք աճեցնում էր՝ ինքն էլ չհասկանալով, թե ինչու...
Եվ ահա մի օր բազմաբնակարան շենքում է հայտնվում առույգ ու կայտառ մի աղջիկ։ Այդ երեսառած երեխան գլխիվայր է շրջում Բելլայի հաստատուն առօրյան, ստիպում ապրել, նայել շուրջբոլորը, հարցեր տալ նաեւ Գուգլին, ջազ լսել ու թեկուզ պատահաբար՝ բացահայտել անցյալի ամենացավոտ ճշմարտությունը։
Ճշմարտություն, որը տակնուվրա է անում Բելլայի հոգին։
Նարինե Կռոյանը ծնվել է 1961թ հունիսի 18-ին, ՀՍՍՀ Կիրովական քաղաքում։ 1978թ. գերազանցությամբ ավարտել է Կիրովականի Վահան Տերյանի (թիվ 5) միջնակարգ դպրոցը՝ զուգահեռաբար ավարտելով նաև Շարա Տալյանի անվան (թիվ 2) երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը: 1985թ. ավարտել է Մոսկվայի պետական կառավարման ինստիտուտը՝ ստանալով կառավարման կազմակերպման գծով ճարտարագետ-տնտեսագետի որակավորում: Աշխատել է Վանաձորի պետական մանկավարժական և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտներում («Վանաձոր» մասնաճյուղ), այժմ դասավանդում է Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում: ՀԳՄ անդամ է 2012 թվականից: 1998թ-ին ստացել է Վանաձորի մարզպետարանի մշակույթի բաժնի կողմից մրցանակ «Հայաստան, բարության փորձաքար» գրական ստեղծագործությունների մրցույթում՝ նվիրված երկրաշարժի զոհերի հիշատակին: 2001թ-ին՝ Վանաձորի մարզպետարանի մշակույթի բաժնի կողմից մրցանակ՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության, որպես պետական կրոնի ընդունման 1700-ամյակին: 2011թ-ին ստացել է Անտարես հրատարակչության «Արձակ 2011» պատմվածքի մրցույթի եզրափակչի վկայական: 2011թ-ին՝ Օրանժ Արմենիա ընկերության և «Հայ գրքի կենտրոն» ՀԿ կազմակերպած «Օրանժ գրքի մրցանակ» գրական մրցույթում հաղթող է ճանաչվել «Լավագույն վեպ» անվանակարգում:
Վանաձորյան այս փոքրիկ պատմության հերոսուհին 48-ամյա Բելլան է։ Նա նախկին գրադարանավարուհի էր, ով կորցրել էր աշխատանքն ու խնամում էր հիվանդ մորը։
Անժպիտ ժպիտով այս կնոջ միակ ուրախությունը պատուհանագոգին դրված մի քանի Բելլադոննա ծաղիկներն էին։ Այդ թունավոր ծաղիկները նրա կյանքի հակաթույնն էին։
Բելլան իր մութ իրականության մեջ միայն մեկ լուսավոր երազանք ուներ` հայտնվել Իսպանիայում, ծովի ափին։ Բայց այդ երազանքը չափազանց անիրական էր թվում։
Բելլան ամբողջ կյանքում մոր հետ էր ապրել, եղբայր էլ ուներ, բայց եղբայրը վաղուց Իսրայելում էր ու մոռացել էր հարազատների մասին։ Ինձ համար Բելլայի մոր կերպարը շատ եսասեր էր, քանի որ սեփական դստերը զրկել էր երջանիկ լինելու հնարավորությունից։
Գրքի հաջորդ հերոսը Մաշան էր։ Մաշան 14-ամյա ցունամի էր, որն առանց թույլտվության ներխուժեց Բելլայի ու նրա մոր կյանք։ Բելլայից մեկ հարկ ներքև` տատիկի տանն ապրող այս աղջիկը ինչ-որ չափով գունավորեց Բելլայի ու նրա մոր գորշ գոյությունը։
Բելլան հայոց լեզու էր պարապում Մաշայի հետ, սակայն տպավորություն էր, որ Մաշան էր Բելլայի ուսուցիչը, բայց ոչ հայոց լեզվի, այլ` կյանքի։
Բելլայի կյանքում ապրելուց բացի ամեն բան մտածված ու ծրագրված էր։ Սակայն կենսուրախ Մաշային առաջին անգամ տեսնելուց հետո Բելլան վստահ էր, որ երջանիկ էր լինելու, որովհետև ինքն էր որոշելու ապրելու իր կերպը, ինքն էր սահմանելու իր երջանիկ լինելու պայմանները։
Թունավոր ծաղկի անունով գրքում այդ թունավոր ծաղկի դերը ևս մեծ էր, բայց դրա մասին չեմ խոսի և կթողնեմ, որ ընթերցողը բացահայտի։
Գիրքը հետաքրքիր էր, հուզիչ, տեղ-տեղ ստիպեց արտասվել։ Այս գրքից հետո հասկանում ես, որ խնդիրներդ լուծելի են, որովհետև հերոսների կյանքը չափազանց դառն էր, ու կարդալիս մինչև ոսկորներդ զգում ես այդ դառնությունն ու ավելի ուժեղ դառնում։
Միանշանակ արժեր կարդալ այս կենցաղային փոքրիկ պատմությունը։
Շնորհակալություն Նյումեգին ու հեղինակին այս հետաքրքիր գրքի համար։
Շապիկի դիզայնի մասին խոսքերն ավելորդ են. հրաշալի է։
Ծայրահեղ սիրուն դիզայնով ու էլեգանտ իտալական վերնագրով, տիպիկ պոստ-սովետ, դոլորոսաշատ, բուսաշատ, թունաշատ, կյանքի իմաստ փնտրող գիրք էր՝ հայկական հեռավոր քաղաքի մթնոլորտին բնորոշ, բայց էսթետիկ ու հուզառատ: Ինչքան շատ եմ սիրում սենց կուլտային, նեղշրջանակ, կոմֆորտ, ջերմ, փոքրքաղաքային պատմություններ։
• Ամեն մեկին ապրելու համար երևի ինչ-որ իմաստ է հարկավոր:
__Գրքի հերոսուհին 48-ամյա Բելլան է: Նախկին գրադարանավարուհի, հավատացյալ մի կին: Եկեղեցին Բելլայի համար փախուստի մի տեղ էր, ուր ամեն օր ժամերգության էր գնում, կտրվելու իր դաժան առօրյայից:
Իսկ ինչո՞ւ էր Բելլայի առօրյան դաժան, միթե՞ սեփական ծնողին խնամելը տառապանք պիտի դառնա:
Գիրքը կարդալիս Ես հուզվել եմ, կյանքում միշտ հակառակն է լինում ծնողներն ամեն ինչ պատրաստ են զոհելու, որպեսզի իրենց երեխաները երջանիկ լինեն, իսկ այս պատմության մեջ Բելլայի մայրը՝ տկն Մարգոն ինձ համար եսասեր մի կին է, ով նույնիսկ Բելլայի տանից մեկ ժամ բացակայելը ծանր է տանում, իսկ ամենավատթարը, պատմության վերջում փոքրիկ աղջկա Մաշայի միջոցով, ով առանց թույլտվության մտնում է նրանց կյանք, բացահայտվում է այնպիսի իրողություն, որ Բելլայի հոգեկան և ներքին աշխարհը տակնուվրա է լինում:
Գիրքն ընդամենը 180 էջ, բայց ասելիք կա, տխուր, դաժան պատմություն այն մասին, թե ինչպես կարող է կինը սեփական կյանքը, աշխատանքը մի կողմ դնել, մի կերպ ապրել ու խնամել հիվանդ մորը մի թշվառ թոշակով: