Gurgen Khanjyan is a well-known contemporary writer and playwright. He is the author of ten books, including several novels, plays and short story collections. He has worked for the public television and radio, has been published in various newspapers and literary magazines. His works were translated into Russian, Persian, Romanian and English. He is the editor of “Gretert” literary newspaper of the Armenian Union of Writers. He translates literature from Russian into Armenian. Plays by Gurgen Khanjyan are staged in Armenia and Diaspora. For his fiction and plays he was awarded with the Prize of the Government of Armenia, Writer’s Union of Armenia and “Narcis” literary magazine.
Թավշյա հեղափոխությունն ու Խանջյանի սև ալտեր-էգոն, անսկզբունք մանյակը, որ լսում ա դեթ-մետալ, ծեծում ա կանանց ու մտնում ա ամբոխի մեջ մենակ ձեռ-մեռ գցելու։ Երբեք Խանջյանի ոչ մի գրքում ոչ մի հերոս քարով չէր սպանի շանը, իսկ ստեղ սպանում ա։
Գուրգեն Խանջյանի՝ օրերս լույս տեսած նոր վեպը՝ «Ներսուդուրս»-ը, հետաքրքիր կառուցվածքով, նոր կոնցեպտուալ մտածողության դրսևորում է, ինչ-որ տեղ, անգամ, փորձարարական վեպի նմուշ: Գրականությանը քաջ հայտնի են զուգահեռ պատմություններ ներկայացնող, զուգահեռ բովանդակություններ ունեցող վեպեր, որոնք, վիպական իրադարձությունների զարգացման որևէ փուլում խաչաձևվում են, հատվում իրար հետ, և, որ ամենահաճախն է հանդիպում, վիպական իրադարձության հանգուցալուծման ժամանակ գումարվում իրար՝ ընթերցողի համար առավել հասկանալի դարձնելով երկու սյուժեների զուգահեռ նկարագրությունների դրդապատճառները: Դառնալով Խանջյանի վեպին՝ անհրաժեշտ է նշել, որ, ըստ էության, մենք այստեղ ականտես ենք լինում հնարանքային նոր իրացման. վեպ, որը այնքան էլ մեկ ամբողջություն չէ: Կառուցվածքային առումով այն բաղկացած է իրար հաջորդող գլուխներից, սակայն այս զուգահեռ իրականությունները (ներսը և դուրսը), իրարից անջատ, իրարից տարբեր, իրար զուգահեռ զարգացող և առանձնապես կենսունակ պատմություններ են: Եթե փորձենք տրվել հետաքրքրասիրությանը և ընթերցենք վեպի կա՛մ յուրաքանչյուր կենտ գլուխները՝ 1-3-5…, կա՛մ յուրաքանչյուր զույգ գլուխները՝ 2-4-6…, ապա կտեսնենք, որ, իրապես, սրանք իրարից անջատ երկու վեպեր են, որոնք լիովին կենսունակ են առանց իրար: Գրողական խարդախությո՞ւն… չեմ կարծում: Հետաքրքրական մի երևույթ ևս. բոլոր այն հերոսները, որոնք հանդիպում են կենտ գլուխներում, գրեթե չեն հանդիպում զույգերում, իսկ եթե, այնուամենայնիվ, հանդիպում են, ապա այնքան հպանցիկ կերպով, որ անգամ կարող ենք չնկատել: Դիցուք՝ ձորի կնոջ կերպարը, որ անընդհատ մեզ է հանդիպում կենտ գլուխներում, գրեթե չի հիշատակվում զույգերում, իսկ այն ժամանակ, երբ գլխավոր հերոսը այցելում է գերեզմաններ, այդպես էլ չի բացում մեզ համար, թե ով էր այն ծանոթ կինը, ում գերեզմանին նա եկել է, այնինչ նախորդող զույգ գլխում հեղինակն արդեն պատմել էր, որ ձորի կինը մահացել է: Այսինքն տեսնում ենք, որ Խանջյանը, կարծես, միտումնավոր կերպով թողել է այդ բացը երկու զուգահեռ պատմությունների մեջ, պահպանել է դրանց կենսունակության հնարավորությունը, վերջնականապես չի կապել ներսը և դուրսը՝ յուրաքանչյուրին թողնելով ինքնաիրացման որևէ տարածություն: Դառնալով առհասարակ վեպի կառուցվածքին և այս անընդհատական հերթագայությանը՝ ներս-դուրս-ներս-դուրս՝ պետք է նկատենք, որ ներսը, ըստ էության, աընդհատ կապվում է գլխավոր հերոսի հիշողության հետ, վերհուշի հետ, մանկության հետ, հայրական կերպարի տեսիլքների հետ, իսկ այն, ինչ երևում է դրսում՝ հերոսի շուրջը տեղի ունեցող գործողություններն են, առօրյան, առօրեկանը: Խոշոր հաշվով, եթե ընդհանրացնենք, ներսն անցյալն է, դուրսը՝ ներկան: Եվ ներկայի ու անցյալի այս անընդհատ հաջորդականության մեջ հերոսը, որ տարբեր ապրումներ ու զգացողություններ է որսում, տարբեր մարդկանց հետ է առնչվում, այդպես էլ չի գտնում իր տեղը: Սա, խոշոր հաշվով, ժամանակակից, ինչու ոչ, նաև ժամանակավրե՛պ հերոսի անընդհատ փնտրտուքն է, նրա ապրելու, կյանքը շարունակելու ձգտման արտացոլումը: Վեպում ներկայացվում են հեղափոխոխական տեսարաններ, երբ հերոսը, ինքն իրեն պոկելով վերհուշներից, մտնում է իրադարձությունների էպիկենտրոն, սակայն ոչ և ո՛չ ընդհանուր արժեքների, հեղափոխության հաջողության համար, այլ ի՛ր համար, կյանքի հետաքրքրությա՛ն համար, աղջիկներին հպվելո՛ւ համար, անկողին մտնելո՛ւ համար: Էգոցենտրիկ այս հերոսը, որը թքած ունի և չի էլ հավատում որևէ հեղափոխության, ասում է, որ ինքը պղտոր ջրում ձուկ պիտի որսա: Հենց սա՛ է հերոսի տիպը. անտարբեր, եսակենտրոն, իր ժամանակի հետ անընդհատ կռվի մեջ, անհամերաշխ հերոս, որն իրեն անընդհատ տանում է բազում փորձությունների՝ հաստատելու սեփական ընտրյալությունը, ապացուցելու ինքն իրեն, որ դեռ ողջ է, դեռ ամուր է, դեռ երիտասարդ է: Խանջյանին արդեն բնորոշ, անընդհատ շարժման մեջ գտնվող հերոսը, որը հեղինակի տարբեր վեպերում ու պատմվածքներում կարծես երևում է, այս դեպքում արդեն գնում է ոչ թե դեպի տարածության տարբեր կետեր՝ բացահայտելու որևէ նոր բան, այլ դեպի ներս, անընդհատ՝ դեպի ներս, անխոնջ՝ դեպի ներս: Ներսի այս փնտրտուքը, ներսը բացահայտելու անհագ ծարավը թույլ է տալիս կարծել, որ ժամանակակից հայ հեղինակը կարծես գնում է էքզիստենցիալ ուղիներով, բազում ներտեքստային հղումներով աստվածաշնչին, աստծո գոյությանը, նրա հանդեպ մեկ-մեկ հեգնանքով, մեկ-մեկ հարգանքի խոսքերով, բայց, այնուամենայնիվ, շարունակում է մնալ լոկալ, տեղայնացված. միայն հային հասկանալի կերպարներով, հղումներով՝ Արտավազդ շիդարից մինչև հողափոխական մեծամիտ դեռատի տղայիկներ: Ոչինչ չփոխող, որևէ բան փոխելու ձգտում իսկ չունեցող այս հերոսը թույլ է տալիս հասկանալ հայ հասարակության տիպը, դրանում տեղ գտած ռոքային մարդուն, ով մարտահրավեր է նետում ժամանակին՝ համարելով դրանք զուտ թվեր, դատարկ թվեր, որոնք ոչինչ չեն նշանակում: Փաստորեն, Գուրգեն Խանջյան, Ներսուդուրս, անցյալ ու ներկա, անհամերաշխություն, ծաղրի վերածվող հեղափոխություն, դրսում ապրող, բայց միշտ դեպի ներս հոսող հերոս, զուգադրավեպ՝ զուգահեռ սյուժեներով, առանձնապես կենսունակ բաժիններով: