Ամեն բանաստեղծություն կոշիկ է ու ամեն երկրորդ կոշիկ` բանաստեղծություն:
Կա բանաստեղծություն, որ կոշիկից ավելի հեռու է տանում: Կա կտկտացող ու քստքստացող բանաստեղծություն, բանաստեղծություն, որ ցավեցնում է ճկույթդ, ու ընդհանրապես, չի կարելի հագնել ուրիշի բանաստեղծություն:
Կան ամառային թանկաներ ու ձմեռային երկարաճիտ պոեմներ և աշնանային գործեր՝ առաջին անձրևից փչացող:
Փոքրերը մեծ բանաստեղծություն են հագնում ու սովորաբար թարս ու ավելի են փոքրանում, մեծերը չեն կապում բանաստեղծության քուղերը:
Նոր բանաստեղծությունները ճռճռում են, հները՝ լռում:
Կա փախուստի բանաստեղծություն, տուն տանող բանաստեղծություն, ու բանաստեղծություն, որ պիտի հանես տուն մտնելիս, որ հագնես փափուկ, տափակ, (հանգ ու վանկով) բոլորովին ուրիշ բանաստեղծություն:
Բանաստեղծությունը ստուգելու համար պետք չէ վառել կաշին: Պարզապես կանգնիր փողոցում ու ասա՝ մոլորվել եմ: