Համլետ Առաքելյանը «Ինչ տխուր է սակայն» ժողովածուում փորձում է բանաստեղծական լեզվամտահաղորդմամբ բացատրել և մեկնաբանել իր աշխարհի «առեղծվածը», իր կյանքի այն ներքին հոգեմտավոր մակարդակը, որ արտահայտման այլ միջոց չունի՝ բանաստեղծությունից բացի։ Պետք է սկզբից ևեթ ասել, որ Համլետի այդ փորձն արդարացված է. կարևորն այն սերմերն են, որ դրված են պարարտ հողում… որովհետև պոեզիան արվեստ է, այսինքն՝ ամեն ինչից բացի, այն պահանջում է հմտություն, անդավաճան նվիրում և ինքնակատարելագործման անվերջ աշխատանք:
Բանաստեղծի համար առաջին հարցը լեզվի զգացողությունն է (ինչպես նկարչի համար՝ գույնը և ձևը), որ չպետք է բավարարվի զգայական մակարդակով (ցածրարվեստ գրականության առաջին առանձնահատկությունը), այլ պետք է լուսավորվի մտքից և գիտակցությունից։ Համլետ Առաքելյանի բանաստեղծությունն ազատ է այդ զգայականությունից. նա, կարելի է ասել, ինտելեկտուալ կողմնորոշում ունեցող բանաստեղծ է, ունի մտածողության իր ելակետը, գիտակցում է «անգիտակցելին», մետաֆորային ըմբռնումները նրան դարձնում են «իմաստասեր բանաստեղծ», նրա տեքստը անորոշ կրքերի զեղում չէ, այլ ներքին իմաստների զարգացում (բառերի հուզա-մտավոր ներքին մակարդակների բացահայտում, որ կարելի է ձեռք բերել միայն ինտուիտիվ ընկղմման մեջ)։
Պատահական չեն աստվածաշնչային քողարկված ալյուզիաները նրա բանաստեղծություններում (դա աչքի է ընկնում հատկապես նրա ավելի փոքր ու սեղմ գործերում)։
«Աչքերդ դեռ որոնում եմ ծառերի մեջ // որտեղ երեխա ենք»: Ես կարծում եմ, որ այդ «որոնումը» ևս չի ավարտվի, ինչպես և դիալոգը, որ չի ավարտվում։ Արվեստում որոնումը երբեք չի ավարտվում, քանի որ այդ «որոնումը» հենց այն է, ինչ նա որոնում է։