P/F-ը ընթերցողի առաջ բացվում է որպես պատմություն ոչնչով ու անգամ անմիջապես գուժում նրա ավարտը, բայց պատմությունը շարունակում է հոսել հաջորդող էջերին ու հոսում է դառնանուշ, փշոտ, բայց զուլալող հոսանքներով։ Հոսում է մի քաղաքում, որ ասես օտարացել է ինքն իրեն, ինքն իրեն բանտել, բետոնել ու խեղդել։ Ու քանի որ "լավ չէ քաղաքի համար, եթե նա իրավունք չունի լինելու ու մնալու ինքը, եթե նա ինքն իրենից դուրս է" (Բյոլ), քաղաքում ու քաղաքով ապրող գրքի հերոսը անվերջ դեգերումների մեջ է՝ ինքն իր ու քաղաքի ես-ը վերագտնելու։ Քաղաքի հիշողության ու անտեսված հուշերի, ճնշող ներկայի ու անթռչուն ապագայի պատկերներում կարճ պատումների միջոցով ընթերցողի առաջ նեղլիկ փողոցների խորքեր են բացվում՝ միայնությամբ, թախիծով, սիրով ու ատելությամբ, սպասումով ու ափսոսանքով լի խորքեր, որ շարունակում են ալեկոծ իրենց հոսանքը անտարբերության ու հեգնանքի հաստ շերտերի տակ անգամ։ Ու թեև ամեն ինչ հալում է, ու տրամվյան էլ չկա, բայց երևանցիները դեռ ողջ են ու իրենց այդ ողջ լինելը տարածում են գետառով մեկ՝ փակված, բայց հրաբխի պես իր ժամին սպասող այն գետի, որի մեջ նույնքան կեղտ ու կեղծ, սեր ու սեպ են լցրել, որքան քաղաքի փողոցներով հոսող մեր հոգիների մեջ․․․Ու գրքի էջերով հոսող Սևի հոգին ամեն էջում փնտրում է իրեն, ու փնտրում այնտեղ, որտեղ ամեն օր կրկնում են իրեն։ Գիրքը քաղաքին նայում է տխուր այն հայացքով, որով Սևը նայում էր այն աղջկա աչքերին, որովհետև գիտեր, որ վերջին անգամ է տեսնում նրան, վերջին անգամ նույն փողոցի նույն հատվածում, բայց լուռ, և ուրեմն նոր փողոց ու նոր աշխարհ հորինելով։ Ու թեև ջրամբարը, որի անւոնը ծով էր դրել, լրիվ դատարկել էին, բայց այդպես էլ չէին հաջողացրել դատարկել Սևի ծով- ապրումները, որ մարմնանում են պատուհանից ներս լցվող կապույտ լույսի մեջ։ Ու թեև հերոսի համար միայն մի ելք է մնացել՝ բռնել նրա հետագիծն ու քայլել մինչև ուժասպառ լինելը, բայց շարունակում է օրը դիմավորել թարմ տեսքով՝ սիրուն հագնված, ժպիտը դեմքին, որպես օրվա կեղծավոր զավակ։ Ու թեև որպես հատու խոստովանություն հերոսը վկայում է, որ իր մեջ ոչ ծով ունի, ոչ օվկիանոս ու փակ է անծիր տարածությունների համար, բայց ամեն տողից օվկիանոսային բազմերանգություն է բուրում, ու ծովային ալեկոծություններ են սուրում, ու անծիր տարածությունների քամի է խփում դեմքիդ։ Ու գետառի հետ երկխոսությամբ ավարտվող գիրքը նեղոսի չափ երկար մենախոսություն է թողնում ընթերցողին՝ Րևանի մասին ու իր ներսի չՐևացող ալեկոծությունների մասին․․․