Սա պատմություն է մարդու մասին, որի ամբողջ կյանքն ասես փորձությունների հաղթահարում էր հանուն երազանքի, և այդ երազանքի դժվարին ուղին ծավալվում է մի փոքրիկ գյուղից մինչև մեծ քաղաք՝ հանդիպելով պատերազմի արհավիրքներին, պատերազմ, որում նա հայտնվում է դեպքերի բերումով: Վեպում նկարագրված են 20-րդ դարում Նախիջևանում տիրող միջէթնիկ հարաբերությունները, նախապատերազմական և հետպատերազմական կյանքի դժվարությունները, փոփոխություններն ու լարվածությունը: Վեպի հերոսի անձնական պատմությունը սերտորեն կապված է հայ ժողովրդի ճակատագրի հետ. պատմության բարդ էջերն անցնում են անհատի կյանքի պրիզմայով՝ արտացոլելով պատմական իրադարձությունների ազդեցությունը սովորական մարդկանց կյանքում:
«Քամին կառչել էր զանգին ու սկսել էր ճոճել այն՝ օդը լցնելով անջնջելի անցյալի և արթնացման հույսի ղողանջներով» (էջ 9)։ (Հազիվ ավելացրին գիրքը դիմելուցս մի քանի ամիս հետո...) ՀՐԱՇՔ՝ մեկ գրքում։ Կարդացի հուզմունքով, քանի որ հայրական կողմիս բարեկամները բոլորը Նախիջևանից են։ Բարբառային շարադրանքով գրված խոսակցություններն ընթերցելիս մտքումս լսում էի տատուս ու պապուս խոսքերը. երեխաների թութ թափ տալու դրվագները հիշեցրին դեռ չմոռացված մանկությունս. իսկ պատմագրական ծանուցումները շատ կարևոր էին թե՛ քաղաքական, թե՛ ժամանակագրական կերպով ըմբռնելու Նախիջևանի երկար ու դժբախտ ճակատագիրը։ Դավիթ Սամվելյանը փորձել է մնալ անաչառ (ինչպես հատկապես պնդում է խմբագրիչը վերջաբանի մեջ), բայց այս ու այն հատվածներում տեսանելի էին որոշ կողմնակալ գնահատականներ ու բնութագրեր մեր հարևան ազգի մասին։ Դրանց ներկայությունը, սակայն, չեմ դիտարկում որպես թերություն. հակառակը՝ գրողի արդի՝ այսօրվա իրականությանը (Նախիջևանի խնդրին ավելացնելով Արցախինը) լիովին համապատասխանող երևույթ է։ Սակայն թող չթվա, թե գիրքը միայն Նախիջևանի մասին է. այն նաև հերոսի (ում կարդալիս հաճախ ինքնացնում էի, ինչ-ինչ պատճառներով) անձնական կյանքի զարգացումն է՝ իրեն առանձնահատուկ փուլերով, նրա վերելքներն ու անկումներն են, և նրա մնայուն պայքարը կոտրվելու/կոտրելու, կորցնելու/կորելու ու կարոտելու/մոռացվելու դեմ։ Գեղարվեստական դրվագները, հատկապես զանգերի և ծառերի ու բնության նկարագրությունները, գեղեցիկ ու հուզիչ լինելուց բացի նաև գիրքը ձեռքից մի կողմ դնելու (թեկուզ մի քանի վայրկյանով) ու մտածելու տեղիք էին տալիս՝ կարծես իրականության ապտակ։ Միգուցե վերևում նշված «ՀՐԱՇՔ»-ն ինքս եմ ստեղծել իմ մեջ/ինձ համար գիրքը կարդալուց ու դուք թերևս չեք համաձայնվի ինձ հետ, բայց անկողմնակալ մնալը անհնարին ու անընդունելի կլիներ ինձ համար՝ որպես նախիջևանաժառանգ, ինչպես և, կարծում եմ, գրողի համար էր։ «Ուր էլ գնաք, հիշեք մեր գյուղի զանգի ղողանջները, որը բոլորիս կանչում է իր հարազատ գիրկը։ Իմացեք, որ այստեղ են թաղված մեր նախնիները, այստեղ են ... մեր հպարտ լեռները» (էջ 30)։