Նար-Դոսի «Մահը» վեպը հայ դասական վիպագրության նվաճումներից է: Արտացոլելով XIX դարավերջի հայ մտավորականության գաղափարական ըմբռնումներն ու հասարակության կենցաղն ու բարքերը՝ վեպը ընդհանրացնում է մի ամբողջ դարաշրջանի պատկեր՝ հոգեբանական նուրբ ու դիպուկ սուզումներով, բազմաբնույթ կերպարներով և գաղափարական սուր ու հաճախ՝ ողբերգական ընդգծումներով:
Նար-Դոս (Միքայել Զաքարի Հովհաննիսյան) հայազգի գրող է, լրագրող։
Ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում։ Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։
Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է 1880-ական թվականներին։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888 թվականին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»-ի ժողովածուում, ապա պատմվածքներ, ֆելիետոններ։ 1886 թվականից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե», «Բարերար և որդեգիր» վիպակները, «Քնքուշ լարեր», «Զազունյան» վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։
Երեւի, Նար-Դոսի՝ իմ ամենասիրած ստեղծագործությունն է՝ այնքան խորը, էքզիստենցիալ ու տխուր:
Ամբողջ վեպի ընթացքում Լեւոնը՝ գլխավոր հերոսը, փնտրում էր կյանքի իմաստը եւ նպատակը: Իսկ վերջում եզրակացնում, որ մահվան նպատակը մեռնելն է: Իսկ ես նրան կհարցնեի, այդ դեպքում ինչու՞ կյանքի նպատակը ապրելը չէ…
Խորապես խղճում ու կարեկցում էի Լեւոնին: Չնայած, որ համաձայն էի նրա առաջ բերած ահագին մտքերի հետ, միայն ափսոսում եմ, որ նա չփորձեց ապրել մեռնելու որոշում կայացնելուց առաջ…
Իմ՝ գրքից առաձնացրած մեջբերումներից մեկը՝
«Եթե կա մի բան որ ճշմարիտ է, դա մահն է, որովհետեւ ճշմարիտն այն է, ինչ որ հավիտենական է, իսկ մահն է միայն, որ հավիտենական է: Ժամանակը գոյություն ունի այնքան, որքան մենք ապրում ենք, իսկ մեռնելուց հետո ժամանակը գոյություն չունի կամ, ուրիշ խոսքով, գոյություն ունի այն, ինչ որ մենք անվանում ենք հավիտենականություն»