Այս գիրքը ձեր առջև չէր լինի առանց իմ մեծ բարերարի՝ գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի, որն ինձ համարեց գրող և հովանավորեց տպագրությունը: Յուրաքանչյուր ոք, ով ձեռքը կվերցնի գիրքս, հավակնում է դառնալ իմ ընկերը, որովհետև պետք է փորձի սիրել ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ այստեղ: Բարով եք եկել իմ աշխարհը: Մինչև 18 տարեկան անձանց խորհուրդ չի տրվում կարդալ։
«Ցավս հետս ա, ուրեմն ես մենակ չեմ»։ Էս նախադասությունը հերիք ա հասկանալու համար ամբողջ գիրքը։ Լուսինե Վայաչյանի մասին, ցավոք սրտի, վերջերս եմ իմացել՝ գրողի մահվան օրը։ Չէի ճանաչում, բայց ներքուստ ինչ-որ տագնապ զգացի, ներսս ալեկոծվեց, ասես ինձ հարազատ մեկին եմ կորցրել։ Որ լսած լինեի ինչ-որ տեղ, կասեի՝ հա, ենթագիտակցությանս մեջ դեգերում էր անունը, բայց ախր, չէի լսել։ Ու ցավ զգացի։ Հիմա հասկանում եմ՝ ինչի։ Նման գերբնական երևույթների, ճիշտ ա, չեմ հավատում, բայց հասկացել էի, որ եթե ոչ հարազատ, ապա գոնե ցավակիցս ա, որին կարող եմ ապրումակցել։ Հենց հաջորդ օրը գնեցի գիրքը ու սկսեցի իսկույնևեթ կարդալ։ Կարդալս տևեց շատ երկար, որովհետև էնքան անկեղծ էր գիրքը, որ անկեղծությունից շնչահեղձ էի լինում, թվում էր՝ էդ թմրանյութն իմ երակներով ա հոսում, էդ ցավախառն երջանկության պատրանքը ես եմ ապրում, կյանքից կառչելու համար ամեն ինչի պատրաստ Լուսինեի հետ ամեն ինչ փորձում եմ, տապալվում, անիծում հարբած աստծուն ու էդպես շարունակ։ Գիրքը խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր կարող են կարդալ մարգինալ գրականություն։ Ոչ բոլորն են կարող ծակվելու, թմրանյութերի, խոտերի, հեպատիտի, ցավի, պերեդոզի, ատխադնյակի մասին սրտառուչ պատմություն կարդալ, պատմություն, որ հեղինակի կյանքն ա։ Էստեղ կհայտնվեք Բալագոյեում, հետո Մոսկվա-Պիտեր-Հայաստան կշրջեք անընդհատ, կզգաք ձեզ նեֆորմալների միջավայրում, կնստեք մենակ Լուսինեի հետ խոհանոցում ու լաց կլինեք՝ լուտանքներ թափելով աստվածների վրա, որ էսքան տանջում են հերոսուհուն (քեզ), սեքսի, ալկոհոլի, թմրադեղերի առատությունից կխեղդվեք, կհասկանաք նման մարդկանց անզորությունը, ԿՆՈՋ տառապանքը, տեղ-տեղ ուղղակի կուզենաք փակել գիրքն ու հասկանալ, որ էնտեղ չեք, որ ընթերցում եք պարզապես։ Կլանող ա գիրքը թմրանյութերի պես։ Ու դու ծակվում ես։ Էջերը ծակում-ներս ես անում։ Չգիտեմ՝ էլ ինչ ասեմ, որովհետև շատ տպավորված եմ։ Բայց դե մի ամսից ավել դադար էի տվել, ու գիրքը փակ էր մնացել։ Պատճառն ասեցի։ Գիրքը Լուսինեն գրել ա որպես «ապաշխարանք», որ պատմի գնա, ոնց որ ջրին են պատմում սնահավատները վատ երազը, նենց էլ Վայաչն ա պատմել իր կյանքի մութ ու ցավագին տարիները, պատմել մեծ վարպետությամբ, անմիջական լեզվով, առանց պատեպատ ծեփվելու։ Հստակ ու ուղիղ բռնել ա ապագա իր ընթերցողի օձիքից ու ականջին շշնջացել. «Կդառնա՞ս իմ վշտակիցը։ Կիսի, կիսի, թող քիչ ցավի»։ Համենայն դեպս, ես էդպես եմ հասկացել։ Ու էդ տպավորությամբ եմ փակել գրքի էջը, էն գրքի, որ դարձավ էս տարվա լավագույնս։
«Ես հո գիտեմ, թե ես ոնցն եմ, գիտեմ, որ պրիմիտիվ, միջին IQ-ի տեր կին եմ, որը չի կարողանում կյանքում նորմալ իրա տեղը նույնիսկ գտնի, ստեղից ընդեղ ա ծեփում մեծ, վառ լամպի շուրջը պտտվող մժեղի նման, էնքան ա պտտվում, մինչեւ ուժասպառ ընկնում ա, կամ էլ թեւերն ա վառվում լամպի տաքությունից: Լամպը կյանքս ա: Ալտերնատիվ ունե՞մ։ Չունեմ։ Կա’մ պիտի դառնամ ջերմադիմացկուն, կա’մ խամրած լամպ ընտրեմ, որը չեմ ուզում, կա’մ պիտի մժեղ չլինեմ, բայց ԵՄ, պիտի մուտացիայի ենթարկվեմ, դառնամ սուպերմժեղ, իսկ սուպերմժեղ դառնալու համար պիտի սենց թոհուբոհի միջով անցնե՞մ։ Հա, երևի: Կարո՞ղ ա` սա դեռ սկիզբն ա, դեռ շատ ու շատ բաներ են ինձ սպասում: Կարող ա: Կարևորը նա ա, որ լամպը չխամրի: Ավելի լավ ա՝ պայթի իմ նման մժեղի հետ իրա պատրոնիկի հետ կենակցելուց, քան թե խամրի: Խամրած կյանքը իմ կյանքը չի, իմ ուղին չի»։
«Միշտ պայքար ա մեջը մարդուս, լիքը մասնիկների պայքար»։
«Ամա՜ն, Աստված, ինչի՞ են իմ սիրային պատմությունները միշտ սենց տխուր վախճան ունենում։ Շա՜տ եմ ես, շա՜տ, շա՜տ եմ է, ճնշում եմ մարդկանց իմ շատլուսինեությամբ։ Բայց ես ի՞նչ վատ բան եմ անում։ Չէի կարում հասկանամ»։
«Ես երևի ինչ-որ բան սխալ եմ անում անընդհատ ու չեմ հասկանում իմ սխալը, դրա համար էլ կյանքից տարբեր հարվածներ եմ ստանում՝ ի դեմս հեպատիտների, բանտերի, սասունների: Բայց ոնց որ թե ոչ մի վատություն չեմ անում մարդկանց, միակ թերությունս մարդկային հարաբերություններում իմ դյուրահավատությունն ա ու նա, որ սկզբունքորեն ինձ համար վատ մարդ չկա: Մարդիկ էլ դրանից օգտվում են…. Ես Աստված չունեմ երևի, իմ Աստվածը հարբած քնած ա միշտ երևի, թե չէ կտեսներ ու մի քիչ կխղճար ինձ, կթողներ՝ հանգիստ ապրեմ: Ես կյանքից շատ բան չեմ ուզում, միայն հանգստություն եմ ուզում՝ որ տուն ունենամ, ընտանիք, ուտելու բան-ման, ձմեռը՝ վերարկու, ամառն էլ՝ սարաֆան: Շատ բա՞ն եմ ուզում»:
«Չգիտեմ՝ որպես լավ հիշեմ էդ օրերը, թե վատ, որովհետեւ էդ ժամանակներում դա իմ աշխարհն էր, իսկ աշխարհը լավ կամ վատ չի լինում, ուղղակի լինում ա, ու ոնց տեսնում ես, նենց էլ կա: Ես միշտ մտածել եմ, թե մարդ ինչի համար ա լույս աշխարհ գալիս, ապրում ու հետո մեռնում։ Ինձ համար էդ հարցն ունի մի քանի պատասխան, ու դրանցից մեկն էն ա, որ մարդ աշխարհ ա գալիս իրա նմաններին (ու ոչ միայն) գտնելու ու ճանաչելու համար: Այլ կերպ ասած՝ ես նաև զբաղվում էի էս կյանքում մարդկանց հավաքածու, կոլեկցիա իմաստով, հավաքելով։ Տարբեր մարդիկ տարբեր տեղեր են լինում: Իսկ դա նշանակում էր, որ ես պիտի անցնեմ դժոխքի բոլոր շրջաններով, պիտի ընկնեմ բոլոր հատակներն ու բարձրանամ բոլոր բարձունքները, պիտի քաշեմ բոլոր ցավերը, զգամ բոլոր տանջանքները, պիտի վայելեմ բոլոր հաճույքները, իմանամ բոլոր կայֆերի գինը, ապրեմ՝ քայլելով ածելու վրայով առանց ոտքերի, ապրեմ՝ թռչելով դեպի փայլուն ապագա առանց թևերի՝ վճարելով դրանց դիմաց իմ կյանքով, ապրեմ՝ սիրելով ու ատելով իմ իսկ կյանքը….»։
Շատ հավես է կարդացվում, ուրիշ տեսակի գրականություն է, ուրիշ լեզվով, ու Հակոբ հակոբյանի «գրախոսականով» որն ամեն ինչ ասում է գրքի մասին, ընթերցողի ու արվեստ ստեղծողի ու արվետը գնահատել կարողացողի տեսանկյունից։ Լիքը բաներ կարելի է գրել գրքի մասին՝ լեզուն, պատմելը, սյուժեն, թեման, հայկականությունը, վախերը, իրականության ընկալումը, պատմելիս ինչը ինչպես պատմելը և այլն, բայց կարդացեք, դրա փոխարեն, կարդացվում է երկար, բայց մի շնչով։ Խորհուրդ եմ տալիս միանշանակ, ու հուսամ կհաջողվի էլեկտրոնային գիրք անել։)