Ախր կարող էր, կարող էր հանճարեղ լինել, ուղղակի հերոսները, ըստ իս, մի տեսակ թերի էին։ Գրքում պետք է նկարագրված լիներ քաոսը՝ ստացվել էր։ Եվ որքան քիչ բան է փոխվել հայերի մտածողության մեջ այս ոչ կարճ ժամանակահատվածում․․․ եթե գոնե ինչ-որ բան փոխվել է իհարկե։
Հիմնական հերոսներից կարծում եմ ամենահարուստը, ամենագեղեցիկն ու բազմազանը, միգուցե նաև ռոմանտիկը՝ Միքայելն էր։ Ախր այնքան երկար կարելի էր նկարագրել նրա ապրումներն ու ներաշխարհի փոփոխությունները․ կարդալուց իրոք դրա կարիքը զգում էի, բայց դրա փոխարեն գիրքը լցվում էր այլ հերոսների մտատանջություններով, արդյունքում ինձ համար բոլոր կերպարները գրքում ստացվում էին մի տեսակ միջակ։ Նաև կարծում եմ, որ չափացանց իդեալականացված էր Շուշանիկը, չնայած որ, ըստ իս, նա իրականում բավականին գոռոզ և մեծամիտ մի օրիորդ էր, ամենայն հավանականությամբ ենթագիտակցական մակարդակի վրա, որն էլ պարզապես անտեսանելի էր դառնում նրա համեստության և "հարկադրական" բարոյականության ֆոնի վրա։
Դժվար էր կռահել, թե հերոսներից ում էր ավելի շատ նախապատվություն տալիս Շիրվանզադեն, բոլորին վերագրելով մարդկային բնավորության թե՛ լավ, թե՛ վատ կողմերը, այդպիսով, երևի դարձնելով նրանց ավելի հետաքրքիր։
Իսկ ահա միջավայրի, հասարակության, մարդկային մտածելակերպի, ազգային ավանդույթների, ժողովրդի նիստուկացի և բնության վրա նրա աններելի ազդեցության նկարագիրը չափազանց ճշտգրիտ էր, ամբողջությամբ փոխանցելով ողջ գաղջը մարդկային արհեստական ու զզվելի ձգտումների, որոնք տիրում էին այն ժամանակներում և շարունակվում են ցայժմ։